Ծրագրի մասնակից ուսանողները տարբեր իրավական թեմաներով գիտաուսումնական և տեղեկատվական քննարկումներ անցկացրեցին Վանաձորի մի շարք կրթական հաստատություններում` նպատակ ունենալով իրականացնել իրավական իրազեկում կրտսեր սերնդի շրջանում և նպաստել անչափահասների իրավագիտակցության բարձրացմանը:
Ընտրված թեմաները հնարավորինս համապատասխանեցված էին ունկնդիրների տարիքին և հետաքրքրություններին: Վերջիններս ներառում էին ինչպես քաղաքացիական ու քրեական, այնպես էլ միջազգային իրավունքի ոլորտները:
Դասընթացի սկզբում ուսանողներն ունկնդիրներին ներկայացրեցին Իրավաբանական կլինիկայի գործունեությունը՝ կարևորելով ինչպես քաղաքացիներին անվճար իրավախորհրդատվական ծառայությունների տրամադրումը և ուսանողներին պրակտիկ գիտելիքներով ապահովելու գաղափարի համադրումը, այնպես էլ անչափահասների շրջանում իրավունքի վերաբերյալ գիտելիքների զարգացումն ու իրավագիտակցության բարձրացումը:
Դպրոցականները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ինտերակտիվ մեթոդներով իրականացվող քննարկումներին և մի շարք հարցադրումներ, այդ թվում` խոսքի և մտքի ազատության, կյանքի իրավունքի ու էֆթանազիայի, խոշտանգման արգելքի, հանցագործության հասկացությանն ու հանցակազմի տարրերի վերաբերյալ բուռն քննարկումները ակտիվ մասնակից դարձրեցին նաև դպրոցների մանկավարժական անձնակազմին:
Իրավաբանական կլինիկան առանձնակի կարևորում է նմանատիպ այցերի դերը աշակերտների շրջանում իրավական գիտելիքների հարստացման և մասնագիտական ճիշտ կողմնորոշման գործում: Այսպիսի այցերն ունեն երկկողմանի արդյունավետություն, քանի որ աշակերտ-ուսանող շփումները ոչ միայն հնարավորություն են տալիս ծանոթանալ իրավահարաբերությունների վերաբերյալ առկա պատկերացումներին, այլև ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ իրավակարգավորումներն ունկնդիրներին ներկայացնելը` ուսանողների մոտ զարգացնում են նաև բանախոսական հմտություններ:
Հատկապես վերջին տարում «Մարդու իրավունքներ» ուղղությամբ դասընթացի ներդրումը կլինիկայում ուսանողների համար կլինիկական գործունեությունն առավել հետաքրքիր է դարձրել: Վերջինիս շրջանակներում անչափահասների իրավունքների վերաբերյալ հաճախակի իրականցվող դասախոսություններն առավել տեսանելի են դարձրել երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, իսկ հանրակրթական հաստատություներում նմանատիպ այցերի իրականացումը անգնահատելի հնարավորություն է իրավական տեղեկատվությունը ճիշտ հասցեատերերին փոխանցելու համար:
Իրավաբան ուսանողների տպավորիչ ելույթներով և քննարկումներին աշակերտների ակտիվ մասնակցությամբ ոգևորված՝ կրթական հաստատությունների ղեկավարների կողմից հնչեցին շնորհակալական խոսքեր ու հետագա համագործակցության բազմաթիվ առաջարկներ, կլինիկայի տնօրինությունն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց հաջորդ տարիներին ևս կազմակերպել նմանատիպ այցեր և համագործակից կրթական հաստատություններում հաճախակի իրականացնել իրավատեղեկատվական սեմինարներ: