ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ

ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ

 

2022թ. ապրիլի 12-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից իրականացվող «Անչափահասների արդարադատության բարելավման և դեռահասների` մարդու իրավունքների առաջխաղացման» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր հանրապետության N198 և N42 ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:

Հյուրերին ողջունեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը, որը աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի ձևավորման պատմությոնը, հիմնական գործունեությունը, տեղի ունեցավ քննարկում աշակերտների մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, աշակերտները նաև ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ողջույնի խոսքից հետո աշակերտները լսեցին դասախոսություն անչափահասների իրավունքների վերաբերյալ: Աշակերտների հետ հանդիպման ընթացքում ի.գ.դ., պրոֆեսոր Աննա Մարգարյանը անդրադարձավ ՀՀ ներպետական օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված՝ անչափահասի հիմնարար իրավունքներին, այդ թվում՝ կյանքի, առողջության պահպանման, բռնությունից երեխայի պաշտպանության, կրթության, ընտանիքում երեխայի իրավունքների պաշտպանության, աշխատանքի և հանգստի վերաբերյալ հիմնարար պահանջներին: Քննարկման ընթացքում աշակերտները ներկայացրեցին իրենց տեսլականը սեփական կարևորագույն իրավունքների լավագույն պաշտպանության, իրենց հուզող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին: Աշակերտների կողմից հատուկ քննարկման առարկա դարձվեց ընտանիքում բռնության կանխարգելման խնդիրը, որի շրջանակում բազմաթիվ հարցեր հնչեցվեցին՝ կապված առկա օրենսդրական լուծումների, գործնականում հաճախ հանդիպող խնդիրների և դրանց լուծումների հետ:

Ի.գ.թ., դոցենտ Տաթևիկ Սուջյանն առավելապես անդրադարձավ անչափահաս իրավախախտի իրավունքներին և դրանց ապահովման դատավարական երաշխիքներին, ինչպես նաև քրեական վարույթին անչափահաս տուժողի և վկայի մասնակցության խնդիրներին՝ հատկապես կարևորելով համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ մեկտեղ վարույթն իրականացնող մարմնի մասնագիտացված լինելու պահանջը: Տ.Սուջյանն անդրադարձավ անչափահասի՝ պաշտպան ունենալու իրավունքին, վերջինիս ծնողների, մանկավարժի և հոգեբանի՝ վարույթին մասնակցության խնդիրներին՝ ներկայացնելով պրակտիկայից վերցված խնդրահարույց օրինակներ:

Դասախոսություններից հետո աշակերտները շրջայց կատարեցին ֆակուլտետի տարածքով, ծանոթացան իրավաբանական կլինիկայի գործունեությանը: Կլինիկայի տնօրեն ի.գ.թ., դոցենտ Քնարիկ Վարդանյանը աշակերտներին ներկայացրեց կլինիկայի շրջանակներում գործող«Անչափահասների իրավունքներ» մասնագիտական ուղղության մանրամասները, ծանոթացրեց կլինիկայում առկա որոշ գործերի հետ, որոնցում ներգրավված են  անչափահասներ  և պարզաբանեց այդ գործերը վարելու մի շարք առանձնահատկություններ: Շրջայցի ընթացքում ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն դպրոցներում «Իրավունք բոլորի համար» կլինիկական ծրագիրն իրականացնելու վերաբերյալ: