ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՆԳԱՌԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՐԹՕՋԱԽՆԵՐՈՒՄ

Երևանի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայի՝ «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական մարզային այցը ուսումնական հաստատություններ. այս անգամ ուղղությունը Կոտայքի մարզն էր: Իրավաբանական կլինիկայի ուսանողները հանդիպումներ ունեցան Հրազդան քաղաքի թիվ 7 միջնակարգ, Խ. Աբովյանի անվան թիվ 1 և Հ. Օրբելու անվան թիվ 13 ավագ  դպրոցների աշակերտների հետ:

Քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հանցագործության հասկացությունը, սուբյեկտը, հափշտակությունը՝ որպես հանցագործություն և դրա առանձին տեսակները, ինչպես նաև անչափահասների հանցավորության դեմ պայքարի առանձնահատկությունները:

Արդեն իսկ ձևավորված պրակտիկայի ուժով դպրոցականների և իրավաբանական կլինիկայի ուսանողների միջև ծավալվեցին բուռն քննարկումներ, խմբային աշխատանքների ընթացքում իրականացվեցին նաև մասնագիտական բանավեճեր:

Ներկայացված թեմաների շրջանակներում աշակերտները կլինիկայի ուսանողներին ուղղեցին իրենց հուզող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Իրավաբանական կլինիկան, հավատարիմ մնալով որդեգրված սկզբունքներին, ապահովելու է նմանօրինակ հանդպումների շարունակական բնույթը՝ նպաստելով դպրոցականների իրազեկվածության բարձրացմանը և կայուն իրավագիտակցության ձևավորմանը:

Scroll to Top