ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում մարզային այցելություններ իրականացվեցին նաև այս տարվա ապրիլ ամսին: Այս անգամ Իրավաբանական կլինիկայի ուսանողները և աշխատակազմը ուղղություն էին վերցրել դեպի Սյունիքի մարզ՝ քաղաք Գորիս:

Իրավաբանական կլինիկայի ուսանողներին ուղեկցում էին ֆակուլտետի և կլինիկայի աշխատակազմի ներկայացուցիչներ, որոնք Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 և թիվ 4 ավագ, ինչպես  նաև Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցների ուսուցչական կազմի ու աշակերտների համար ներկայացրեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գործունեությունը, ԵՊՀ իրավաբանական կլինիկայի հիմնական ծրագրերը, պատասխանեցին վերջիններիս հարցերին՝ կապված ֆակուլտետ ընդունվելու մանրամասների հետ:

Այնուհետև ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները ներկայացրեցին իրավական տարբեր թեմաներով պատրաստած դասախոսություններ: Իրավական թեմատիկ բազմազանության մեջ ընտրվել էին այնպիսի արդիական ու անչափահասների շրջանում հետաքրքրություն առաջացնող թեմաներ, ինչպիսիք են  «Փախստականների իրավական կարգավիճակի հասկացությունը, ներառման և բացառման դրույթները»,   «Ապաստան հայցող ու փախստական երեխաների իրավունքները», «Անչափահասների հանցավորությունը», «Հափշտակության հասկացությունը. գողություն և կողոպուտ»:

Դասախոսություններն ընթացան ավանդույթ դարձած ինտերակտիվությամբ, ակտիվ հարց ու պատասխանով, իսկ թեմաները ամփոփվեցին խմբային աշխատանքների իրականացմամբ, որոնց արդյունքում աշակերտները դասախոսության ընթացքում ձեռք բերած գիտելիքների հիման վրա փորձեցին լուծել կլինիկայի ուսանողների կողմից նախապես պատրաստված իրավական խնդիրները:

Իրավաբանական կլինիկայի աշխատակազմը այս անգամ էլ պայմանավորվածություններ ձեռք բերեց դպրոցների հետ՝ հնարավորության դեպքում նման հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

Scroll to Top