ԵՊՀ իրավաբանական կլինիկայի «Մարդու իրավունքներ. Անչափահասների իրավունքներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր հերթական դասընթաց-քննարկումը «Անչափահասների իրավունքները դատավարությունում» թեմայով։ Դասախոսությունը վարում էր իրավաբանական կլինիկայի Մարդու իրավունքների խմբի համակարգող-դասախոս, փաստաբան Շուշան Հարությունյանը:
Դասախոսության ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են անչափահասների հիմնարար իրավունքները քաղաքացիական և քրեական դատավություններում, դրանք ամրագրող հիմնական իրավական ակտերը, դրանց կարգավորման առանձնահատկությունները, առկա խնդիրներն ու բացերը, ինչպես նաև անչափահասների պաշտպանության միջազգային սկզբունքները և այլն:
Դասախոսությանն ավելի գործնական նշանակություն տալու նպատակով Շուշան Հարությունյանը նաև ներկայացրեց անչափահասների գործերով իրավական պրակտիկան ՀՀ-ում, այդ թվում՝ պետական մարմինների գործունեությունը, նրանց գործառույթները, պրակտիկայում հանդիպող խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները: Ուսանողների հետ քննարկվեցին նաև անչափահասների իրավունքների պաշտպանության զարգացման հեռանկարները ՀՀ-ում: Դասախոսության վերջում ուսանողներն առաջադրեցին թեմայի առնչությամբ մի շարք հարցադրումներ, որոնք ստացան իրենց հնարավոր լիարժեք պատասխանները: Բացի դրանից՝ դասախոսի կողմից առաջարկվեցին որոշ թեմաներ հետագա հանդիպումների ժամանակ մանրամասն քննարկելու համար: