Երևանի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայի՝ «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում հերթական մարզային այցի կանգառը Վայոց Ձոր մարզի ուսումնական հաստատություններ էին:
Իրավաբանական կլինիկայի ուսանողները հանդիպումներ ունեցան Ջերմուկ քաղաքի կրթահամալիրի, №1 հիմնական դպրոցի, Կեչուտ գյուղի №3 միջնակարգ դպրոցի աշակերտների հետ:
Կազմակերպված այցի շրջանակներում քննարկման առարկա դարձվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են փախստականների, ապաստան հայցողների և այլ տեղահանված անձանց իրավական կարգավիճակը, պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները, ոլորտում առկա հիմնախնդիրներն ու պրակտիկ բացերը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական բնութագիրը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ Սահմանադրությունը, վերջինիս իրավական նշանակությունը, հարաբերակցությունը մյուս նորմատիվ իրավական ակտերի հետ և այլ թեմաներ:
Դասախոսությունների ժամանակ կլինիկայի աշխատանքների շրջանակներում ձևավորված ավանդույթի համաձայն ծավալվեցին բուռն քննարկումներ, որոնք ուղեկցվեցին ակտիվ հարց ու պատասխաններով, կազմակերպվեց մասնագիտական բանավեճ դպրոցականների և իրավաբանական կլինիկայի ուսանողների միջև:
Կարևորելով նմանատիպ հանդիպումների նշանակությունը՝ Իրավաբանական կլինիկան շարունակելու է իրականացնել ծրագիրը, որն ուղղված է դպրոցականների մոտ իրավագիտակցության բարձրացմանը, դպրոցների և կլինիկայի միջև կապի զարգացմանը և դպրոցականներին մասնագիտական գիտելիքներ փոխանցելուն: