ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է «ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Այս անգամ ԵՊՀ իրավաբանական կլինիկան ԵՊՀ Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի և Երևան քաղաքի թիվ 184 ավագ դպրոցի հետ համատեղ  կազմակերպել են դատախաղ՝ իրական քրեական վարույթի մոտիվներով, որի շրջանակներում դատավորության կողմերը իրավաբանական կլինիկայի Մարդու իրավունքների խմբի ուսանողներն ու Երևան քաղաքի թիվ 184 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն էին: Նման ձևաչափով միջոցառում առաջին անգամ էր կազմակերպվում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, երբ որպես դատավարության ակտիվ դերակատարները ոչ միայն ֆակուլտետի ուսանողներն էին, այլև նշված դպրոցի աշակերտները:

Դատախաղին պատրաստվելու համար աշակերտների հետ կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում վերջինները ծանոթացել են գործի նյութերին, ակտիվ մասնակցել են ծավալվող քննարկումներին, առաջարկել են դատավարական մարտավարության իրենց տարբերակները, ինչպես նաև Իրավաբանական կլինիկայի Մարդու իրավունքների խմբի դասախոս-կոորդինատոր Շ. Հարությունյանի ներկայացմամբ ունկնդրել են դասախոսություն անչափահասների արդարադատության, նախաքննության ու դատավարության փուլերին անչափահասների մասնակցության, նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հատկանշական է, որ քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց հետո դատախաղի մասնակից աշակերտները ինքնուրույն ընտրել են իրենց դատավարական դերերը. արդյունքում նրանցից մեկը կամովին հայտնվել էր մեղադրյալի աթոռին: Դատախաղին, բացի վարույթի մասնակիցներից, ներկա էին նաև այլ աշակերտներ, որոնք իրենց դասընկերների հետ միասին ունկնդիր և մասնակից եղան իրական դատավարական գործընթացին:

Կազմակերպված դատախաղի արդյունքում աշակերտները հնարավորություն ստացան պրակտիկորեն ծանոթանալ քրեադատավարական գործընթացներին, սովորեցին անչափահասներին առնչվող մի շարք դատավարական և իրավական առանձնահատկություններ, իսկ վերջում մեծ ոգևորությամբ և տպավորություններով լքեցին համալսարանը՝ տարիներ անց որպես ուսանող վերադառնալու ակնկալիքով:

ԵՊՀ իրավաբանական կլինիկան մշտապես պատրաստակամ է նախաձեռնելու և կազմակերպելու նման միջոցառումներ՝ նպատակ ունենալով ավելի ընդլայնել իրավաբանական կլինիկական գործունեությունը և ապահովել դպրոցահասակների առավելագույն ներգրավվածությունը իրենց իսկ իրավունքների ճանաչման ու կիրառման գործընթացին:

Scroll to Top