Երևանի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայի՝ «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական մարզային այցը ուսումնական հաստատություններ. այս անգամ ուղղությունը Կոտայքի մարզն էր: Իրավաբանական կլինիկայի ուսանողները հանդիպումներ ունեցան Հրազդան քաղաքի թիվ 7 միջնակարգ, Խ. Աբովյանի անվան թիվ 1 և Հ. Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցների աշակերտների հետ:
![](https://juvenilejusticecentre.org/hy/wp-content/uploads/sites/5/2023/12/Hrazdan1-1024x768.jpeg)
Քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հանցագործության հասկացությունը, սուբյեկտը, հափշտակությունը՝ որպես հանցագործություն և դրա առանձին տեսակները, ինչպես նաև անչափահասների հանցավորության դեմ պայքարի առանձնահատկությունները:
![](https://juvenilejusticecentre.org/hy/wp-content/uploads/sites/5/2023/12/Hrazdan2-1024x768.jpeg)
Արդեն իսկ ձևավորված պրակտիկայի ուժով դպրոցականների և իրավաբանական կլինիկայի ուսանողների միջև ծավալվեցին բուռն քննարկումներ, խմբային աշխատանքների ընթացքում իրականացվեցին նաև մասնագիտական բանավեճեր:
Ներկայացված թեմաների շրջանակներում աշակերտները կլինիկայի ուսանողներին ուղղեցին իրենց հուզող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Իրավաբանական կլինիկան, հավատարիմ մնալով որդեգրված սկզբունքներին, ապահովելու է նմանօրինակ հանդպումների շարունակական բնույթը՝ նպաստելով դպրոցականների իրազեկվածության բարձրացմանը և կայուն իրավագիտակցության ձևավորմանը:
![](https://juvenilejusticecentre.org/hy/wp-content/uploads/sites/5/2023/12/image-12-12-23-05-06-3-1024x768.jpeg)