Հերթական անգամ «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողներն այցելեցին մարզային դպրոցներ՝ աշակերտներին իրենց իրավունքների հետ կապված մի շարք թեմաներով իրազեկման հանդիպումներ անցկացնելու և բարձր դասարանի աշակերտներին մասնագիտորեն կողմնորոշելու համար: Այս անգամ այցելությունները Արմավիրի մարզում էին։
Մասնավորապես ուսանողները դասախոսություններով հանդես եկան Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցի և Սարդարապատի միջնակարգ դպրոցի 11 և 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցչական կազմի համար: Դասախոսությունների համար ընտրվել էին արդիական ու հատկապես անչափահասների համար հետաքրքիր թեմաներ, ինչպիսիք են՝ անչափահասների իրավունքները քաղաքացիական և քրեական իրավահարաբերություններում՝ անդրադառնալով կրթության, աշխատանքի իրավունքներին, գործունակությանն ու իրավունակությանը, անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտներին և այլն:
Դասախոսությունների ընթացքում աշակերտները հնարավորինս հանգամանալից ծանոթացան իրենց առնչվող իրավունքներին և պարտականություններին, մասնավորապես սովորեցին, թե ինչպիսի գործարքների կողմ կարող են լինել՝ ելնելով իրենց տարիքային առանձնահատկություններից, որ պահից սկսած է ծագում իրենց գործունակությունը և դրա սահմանափակման ինչպիսի հիմքեր կարող են լինել և այլն: Քննարկվեցին նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են քրեական պատասխանատվությունից ազատման հիմքերը՝ ըստ ՀՀ ներպետական և մի շարք այլ պետությունների օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև ՀՀ Արդարադատության համակարգին վերաբերող տարաբնույթ հարցեր. Դատական պաշտպանության իրականացման կարգը, դատարան դիմելու ժամկետները, գործի քննության ընթացակարգը, և այլն:
Դասախոսություններից զատ կազմակերպվեցին նաև խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում աշակերտները դսևորեցին ակտիվ մասնակցություն և ամրապնդեցին իրենց ստացած գիտելիքները: Այս անգամ ևս դպրոցների ղեկավարության և ուսուցչական կազմի հետ ձեռք բերվեց համաձայնություն նման այցելությունները ավանդույթ դարձնելու և ավելի հաճախ կազմակերպելու վերաբերյալ: