ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀՅՈՒՐԵՐԸ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԷԻՆ

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեությանը ծանոթանալու և անչափահասներին հուզող հարցերին պատասխան ստանալու համար հայտնել Երևան քաղաքի նեքոհիշյալ ավագ դպրոցների աշակերտները այցելել էին իրավագիտության ֆակուլտետ.

  • «Թաթուլ Կրպեյանի անվան № 62 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը,
  • «Համբարձում Գալստյանի անվան № 83 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը, 
  • «Կարեն Դեմիրճյանի անվան № 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը, 
  • «Մուշեղ Գալշոյանի անվան № 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը։

Այցելության ժամանակ աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու ԵՊՀ իրավաբանական կլինիկայի կողմից ուսանողների գործնական հմտությունների զարգացման համար ստեղծված հնարավորություններին և խորհրդատվությունների կարգին: Իրավաբանական կլինիկայում աշակերտների հատուկ ուշադրությանը ներկայացվեցին անչափահասների արդարադատությանը վերաբերող հիմնախնդիրները, մասնագիտական ակնարկ կատարվեց գործնականում հաճախ հանդիպող տարբեր իրավիճակներում ի հայտ եկող խնդիրներին՝ դրանցից խուսափելու և պաշտպանված լինելու համար։

Այնուհետև ֆակուլտետի Դատական նիստերի դահլիճում աշակերտներին և նրանց ուղեկցող ուսուցիչներին ողջունեց ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը։ Քանի որ աշակերտները սովորում են ավագ դպրոցների պատմաիրավագիտական հոսքերում, Գ․ Ղազինյանը վերջիններիս ներկայացրեց կրթական ծրագրերը, որոնք դասավանդվում են ֆակուլտետում՝ աշակերտների ապագա մասնագիտության կողմնորոշման համար։

Ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպում-դասախոսություն անցկացրեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում սահմանադրական իրավունքի մարդու հիմնարար իրավունքների խնդիրները և այլն։ Ա. Մանասյանն աշակերտների հետ խոսեց և ներկայացրեց ՀՀ քաղաքացու իրավունքների և պարտականությունների, իրենց՝ որպես ապագա չափահաս անհատականությունների իրավունքների մասին։ Խոսվեց նաև անչափահասների պաշտպանվածության և հանցավորության մասին։ Ներկայացվեց ՀՀ-ում առկա անչափահասների արդարադատության ոլորտի վիճակը։ Աշակերտները ծանոթացան նաև ոլորտում կատարվող բարեփոխումներին։

Scroll to Top