Պատվիրակության կազմում Արցախ էին մեկնել ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, ի.գ.դ, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ, Տիգրան խաչիկյանը և ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ Հայկ Ավետյանը:
Այցի շրջանակներում կազմակերպվել են պարբերական դասախոսություններ և ներկայացվել ՀՀ քրեական նոր օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նորամուծությունները, անչափահասների իրավունքների առնչվող կարգավորումները։ Ներկայացվել են նաև դեռահասների իրավունքները, պրակտիկայում հանդիպող ընտանեկան խնդիրները։ Ներկայացվել են հիշյալ ոլորտների առավել արդիական խնդիրները և նախանշվել դրանց լուծման հնարավոր ուղղությունները:
Պատվիրակությունը մասնակցել է Արցախի մայր բուհի գիտական խորհրդի հատուկ նիստին ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, որի ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բացառիկ դերակատարությունը Արցախում իրավաբանական կրթության կայացման ու զարգացման գործում։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Ն. Նարիմանյանի, Արցախի Հանրապետության դատավորների միության նախագահ Հ. Խաչատրյանի և Գերագույն դատարանի դատավորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական պրակտիկայում առաջացած խնդիրները, ներկայացվել դրանց լուծման գիտական սկզբունքները և ՀՀ-ում առկա կարգավորումները։
Արդյունքում ԵՊՀ իրավագիտության ֆակուտետի և ԱՀ Գերագույն դատարանի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակելու երկու կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցության կառուցակարգերի կատարելագործումը, մասնավորապես, ֆակուլտետում հրատարակվող անհրաժեշտ գիտագործնական բնույթի մասնագիտական գրականության և օժանդակ նյութերի` Արցախի դատական համակարգին տրամադրելու, ԱՀ դատարաններում առաջացող առանձին խնդիրների շուրջ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու հարցերում:
Այնուհետ, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի առաջարկով տեղի է ունեցել հանդիպում ԵՊՀ իրավագիտության ֆակուտետի պատվիրակության և ԱՀ գլխավոր դատախազության միջև: Հանդիպման ընթացքում, օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ Արցախի Հանրապետության դատախազները տեղում բարձրացրել են իրենց հուզող տարատեսակ մասնագիտական-գործնական խնդիրներ՝ նվիրված իրավունքի տարբեր ճյուղերին և ստացել համարժեք պատասխաններ: Կարևորվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի հետ մասնագիտական շփումների մշտական ապահովման էլեկտրոնային գործիքների ներդրումը, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության տարբեր պրակտիկ հիմնախնդիրների պարզաբանման առնչությամբ տեսակոնֆերանսների հրավիրումը, որի կապակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ պայմանավորվածություններ: