ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԵՊՀ իրավաբանական կլինիկան Իրավագիտության ֆակուլտետում հիմնադրվել է 1999թ. Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ: Այն՝ որպես իրավագիտության ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում, մատուցում է անվճար իրավաբանական ծառայություններ՝ ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցներն իրավաբանական օգնություն ստանալու նպատակով դիմող անձանց իրավունքների և օրինական շահերի համապարփակ պաշտպանությունն ապահովելու համար:

ԵՊՀ իրավաբանական կլինիկան հնարավորություն է տալիս բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին, պարտադիր դասընթացների ուսումնասիրմանը զուգընթաց, լրացնելու իրենց տեսական գիտելիքները և ձեռք բերելու գործնական հմտություններ, կիրառելու դրանք գործնականում  ու կողմնորոշվելու մասնագիտական հետագա գործունեության ոլորտների ընտրության հարցում:

Բացի հաճախորդներին տարաբնույթ իրավական ծառայություններ մատուցելուց ԵՊՀ իրավաբանական կլինիկան իրականացնում է նաև «Իրավունք բոլորի համար» ծրագիրը, որի շրջանակներում ուսանողները հանրապետության ավագ դպրոցներում աշակերտների համար իրավունքի տարբեր թեմաներով դասախոսություն-քննարկումներ են իրականացնում։ Այս ծրագրի նպատակն է իրազեկել աշակերտներին իրենց իրավունքների և ազատությունների վերաբերյալ, իսկ ուսանողներին էլ ծանոթացնել երեխաների իրավունքների, նրանց նկատմամբ հնարավոր բռնությունների և իրավունքների խախտման դեպքերի հետ։ Բացի դրանից՝ ուսանողները ձեռք են բերում հմտություն հանդես գալու մեծ լսարանի առջև, համակարգելու քննարկումները, հարց ու պատասխանները և այլն։

Իրավաբանական կլինիկայում անչափահասների վերաբերյալ ներկայացվող գործերը վկայում են այն մասին, որ նրանցից շատերը չեն հասկանում իրենց իրավունքները, չգիտեն ինչպես դրանք ներկայացնել և պաշտպանել։ Հիմնական խնդիրները վեաբերում են բռնություններին, խտրականությանը, կրթության, աշխատանքի հարցերին, ժառանգման հարաբերություններին, քաղաքացիական գործարքներին և այլն։ Միաժամանակ պետք է փաստել, որ ուսանողները ևս լիարժեք տեղեկացված չեն երեխաների իրավունքների վերաբերյալ։ Նրանք հատուկ վերապատրաստման կարիք ունեն՝ տեղեկանալու համար նաև այս ոլորտում առկա միջազգային չափանիշներին։ Ըստ այդմ՝ ԵՊՀ իրավաբանական կլինիկան ձևավորել է նոր մասնագիտական ինքնուրույն ուղղություն, որը վերաբերելու է միայն անչափահասների իրավունքներին։ Մի կողմից այն հնարավորություն կտա ավելի մասնագիտորեն իրականացնել երեխաների պաշտպանությունը, մյուս կողմից՝ ապագա պրակտիկ-իրավաբաններին (ուսանողներին) ձեռք բերել անչափահասների հետ աշխատելու հատուկ մասնագիտական հմտություններ և կարողություններ։

Իրավաբանական կլինիկայի գործունեությունն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար ԵՊՀ-ի և Իրավագիտության ֆակուլտետի ղեկավարության ջանքերով 2020-2021 ուս․տարում ԵՊՀ իրավաբանական կլինիկան ունեցավ տարածքային ընդլայնում՝ կլինիկան համալրվեց միջազգային չափանիշներով կահավորված և վերանորոգված նոր սենյակով, որի հանդիսավոր բացումը տեղի ւոնեցավ ս․թ․ ապրիլ ամսին։ Բացման արարողությանըը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը և Արման Մալխասյանը, ֆակուլտետի դեկան Գ.Ղազինյանը, Իրավաբանական կլինիկայի տնօրեն Ք.Վարդանյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և կլինիկայի հետ համագործակցող միջազգային ու ներպետական կառույցների ներկայացուցիչներ:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը փաստեց, որ իրավաբանական կլինիկաներն աշխարհում լուրջ հեղինակություն և գործունեության լայն շրջանակ ունեն, որոնք հնարավորություն են տալիս ֆակուլտետում ստացած գիտելիքները կիրառելու գործնականում, դրա հետ մեկտեղ իրավաբանական ծառայություններ մատուցելու սոցիալապես անապահով անձանց: Նա հույս հայտնեց, որ վերանորոգված նոր սրահն իր առանձին սենյակներով կօգնի, որ խորհրդատվություններն իրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդապահական խցիկներում, և հավաստիացրեց, որ նոր սրահի բացումն իրականում որակական քայլ է դեպի ուսանողական կլինիկայի լիարժեք կայացում:

Իրավագիտության ֆակուլտետի դեկանն ասաց, որ կլինիկան ֆակուլտետի համար առաջնահերթություն է. «Մեր նպատակներից է, որ մեր բոլոր ուսանողները, առանց բացառության, ստանան կլինիկական կրթություն: Դա իրագործելու համար մենք կփորձենք ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները»:

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանն էլ նշեց, որ կլինիկան ունի բազմաթիվ գործընկերներ, որոնց հետ համատեղ իրականացվում են տարբեր ծրագրեր՝ նպաստելով կլինիկայի բազմակողմանիությանը և արդյունավետ գործունեությանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ողջունելով նախաձեռնությունը, նկատեց, որ կլինիկայի նոր սրահի բացումը շատ նշանակալի է, քանի որ այստեղ առկա առանձնասենյակները կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ ապահովելով առանձնազրույցի ժամանակ անձնական կյանքի բոլոր տեղեկությունների գաղտնիությունը: Նա նշեց, որ ֆակուլտետը բարձր նշաձող է սահմանել իր պրոֆեսիոնալությամբ և առաջատար է ոչ միայն Հայաստանում, այլև դրսում. «Մեր աշխատանքի ընթացքում շատ հաճախ մենք քաղաքացիներին վստահորեն ուղղորդում ենք դեպի Իրավաբանական կլինիկա: Իսկ երբ այստեղից են գալիս մեզ մոտ, միշտ բարձր գոհունակությամբ են արտահայտվում կլինիկայի մասին, քանի որ գործ ունեն պրոֆեսիոնալների հետ»:

Արման Թաթոյանը վստահեցրեց, որ ստեղծված նոր պայմաններն էլ ավելի են օգնելու կլինիկայի միջազգային հեղինակության բարձրացմանը և հավաստիացրեց, որ ՄԻՊ գրասենյակն էլ ամեն ինչ կանի այդ գործընթացին խթանելու համար:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ասաց, որ կլինիկայի նոր սրահը ոչ թե հերթական վերանորոգված լսարանն է, այլ նոր ոճ, ինչը ենթադրում է նորոգել քիչ տարածքներ, որոնք կլինեն ժամանակակից, հրապուրիչ ուսանողների համար և, որ ամենակարևորն է, կծառայեն մասնագիտության վարկի բարձրացմանը:

Իրավաբանական կլինիկան ունենում է տարեկան միջինում 120 գործ, որոնց մեծ մասն ավարտվում է դրական ելքով: Անցնող տարվա ընթացքում, համավարակի պայմաններում կլինիկան ունեցել է 80-ից ավելի գործ, որոնց մեծամասնության դեպքում հաճախորդների իրավական խնդիրներին տրվել են արդյունավետ լուծումներ:

Բացման արարողությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով այստեղ

Կլինիկայի գործունեությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Scroll to Top