ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ «ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. փետրվարի 25-26-ը արդարադատության ոլորտի մի շարք պրակտիկ մասնագետների մասնակցությամբ ՀՀ ք. Հանքավանում անցկացվեց «Անչափահասների գործերով նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման գործնական հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողով, որի նպատակն էր տեսաբան ու պրակտիկ մասնագետներին ծանոթացնել անչափահասների իրավունքների և արդարադատության ոլորտում ՀՀ օրենսդրության վերջին փոփոխություններին, քննարկել դրանց լույսի ներքո կիրառվող պրակտիկայի առանձնահատկությունները, վեր հանել անչափահասների իրավունքների իրացման պրակտիկայի բացերն ու դրանց հնարավոր կատարելագործման ուղիները:

Աշխատաժողովին ներկա են գտնվել ՀՀ իրավապահ մարմինների, դատական համակարգի և իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մասնագիտական ոլորտում անչափահասների իրավունքների և արդարադատության հետ կապված հիմնախնդիրները:

Ի թիվս ներկաների կողմից ներկայացված կիրառման հիմնախնդիրները, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց 2023 թվականի հունվարի 10-ին կայացված թիվ ՏԴ2/0016/01/20 որոշումը, որում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մանրամասն վերլուծության առարկա է դարձրել անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելու առանձահատկությունները՝ 2021 թվականին ընդունված և  2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո։

Քննարկումներից և մտքի փոխանակումներից հետո մասնակիցները արձանագրեցին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ նոր ընդունված օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հետ համեմատությամբ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում անչափահասների և 21 տարին չլրացած անձանց մասով ի թիվս այլնի, սահմանվել են մի շարք հատուկ կանոններ: Մասնավորապես անդրադարձ կատարվեց նրանցից մի քանիսին.

— մինչև 16 տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն և առավելագույն ժամկետը կամ չափը չի կարող գերազանցել նույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն ժամկետի կամ չափի մեկ երրորդը,

— անչափահասի նկատմամբ ոչ մեծ ծանրության հանցագործության համար, ինչպես նաև առաջին անգամ հանցանք կատարելու դեպքում, որը միջին ծանրության հանցանք է և զուգորդված չէ բռնությամբ՝ ազատազրկում չի նշանակվում,

— ինչպես անչափահասի, այնպես էլ 21 տարին չլրացած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նաև նրանց կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկություններն ու նրանց վրա այլ անձանց ազդեցությունը, իսկ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս՝ ի թիվս այլնի, հանցավորի տարիքից բխող բարոյահոգեբանական առանձնահատկությունները, նրա կյանքի և դաստիարակության պայմանները,

— ինչպես անչափահասի, այնպես էլ 21 տարին չլրացած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս սահմանվող փորձաշրջանի ժամկետն է 1-ից 3 տարին։

Ներկայացվեցին նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկա դիմած անչափահասների և/կամ նրանց խնամակալների կողմից առաջ քաշված հիմնական իրավական խնդիրները, որոնք, անձնական տվյալների պաշտպանությամբ, վերլուծության ենթարկվեցին ոլորտի պրակտիկ աշխատողների կողմից և բացահայտվեցին դրանց լուծմանն ուղղված գործնական խնդիրները:  Անդրադարձ կատարվեց «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում հանրակրթական կրթօջախներ այցելություններ իրականացնելիս անչափահասներին հետաքրքրող հարցերի շրջանակին, հատկապես նրանց կրթության և աշխատանքի իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը և դրանց իրացմանը:

Scroll to Top