ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի աշխատակազմը և ուսանողները 2023թ. փետրվար ամսին շարունակել են այցելությունները «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Այս անգամ ուսանողները այցելել են ք. Գյումրի, որտեղ իրավական տարատեսակ թեմաներով ինտերակտիվ դասախոսություններ են ներկայացրել Գյումրու Ագրարային քոլեջի, Ֆոտոն և Ակադեմիական վարժարանների դպրոցականների և ուսուցչական կազմի համար: Դասախոսությունների համար ընտրված թեմաները ներառել են իրավական կարևորագույն հիմնահարցեր, որոնց կարգավորումները արդի ու հետաքրքիր են թե´ ներպետական, և թե´ միջազգային պրակտիկայի համար: Մասնավորապես, քննարկվել են քրեական իրավունքի և քրեական դատավարության, խոսքի և մտքի ազատության, ինչպես նաև փախստականների իրավական կարգավիճակի և պաշտպանության վերաբերյալ հիմնախնդիրներ:
Դասախոսությունների սկզբում իրավաբանական կլինիկայի ուսանողները լսարանին են ներկայացրել կլինիկայի գործունեությունը՝ խորհրդատվությունների իրականացման կարգը, «Իրավունք բոլորի համար» ծրագրի կարևորությունն ու նշանակությունը, և հետաքրքրվել են, արդյոք, ներկաների մեջ կան ապագա իրավաբաններ: Դասընթացի սկզբում հնչեցված հարցին, ի ուրախություն մեզ, առավել հստակ դրական պատասխաններ տրվեցին թեման ավարտելուց հետո:
Պատանիները ուշադրությամբ ունկնդրել են ներկայացվող նյութը, ապա նույնքան մեծ ոգևորությամբ մասնակցել ինտերակտիվ քննարկումներին, որոնք հաճախ բուռն բանավեճերի են վերածվել: Դասախոսությունների ողջ ընթացքում կլինիկայի ուսանողներին են ուղղվել մի շարք հարցադրումներ, որոնց պատասխանները դասընթացի վերջում տվել են հենց իրենք՝ դպրոցականները:
Իրավաբանական կլինիկան հատկապես նշանավորում և կարևորում է այսպիսի միջոցառումների իրականացումը, քանի որ նկարագրված այցերը ունենում են երկուստեք արդյունավետություն. դպրոցականները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց իրավական և սոցիալական գիտելիքները, ձևավորելու ճիշտ պատկերացումներ արդի իրավական խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ և ունենալու մասնագիտական հստակ կողմնորոշում, իսկ իրավաբանական կլինիկայի ուսանողները սովորում են դասը վարելու արդյունավետ մեթոդներ կիրառել և կառավարել լսարանը, այսինքն սովորում են սովորեցնելով:
Հատկապես նախորդ տարի «Մարդու իրավունքներ» կլինիկական ուղղության ներդնումը ուսանողների համար կլինիկական գործունեությունն առավել հետաքրքիր է դարձրել: Վերջինիս շրջանակներում անչափահասների իրավունքների վերաբերյալ հաճախակի իրականացվող դասախոսություններն առավել տեսանելի են դարձրել երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, իսկ հանրակրթական հաստատություններում նմանատիպ այցերի իրականացումն անգնահատելի հնարավորություն է իրավական տեղեկատվությունը ճիշտ հասցեատերերին փոխանցելու համար:
Իրավաբան ուսանողների տպավորիչ ելույթներով և քննարկումներին աշակերտների ակտիվ մասնակցությամբ ոգևորված՝ կրթական հաստատությունների ղեկավարների կողմից հնչեցին շնորհակալական խոսքեր ու հետագա համագործակցության բազմաթիվ առաջարկներ, կլինիկայի տնօրինությունն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց հնարաբորության դեպքում շատ կազմակերպել նմանատիպ այցեր և համագործակից կրթական հաստատություններում հաճախակի իրականացնել իրավատեղեկատվական սեմինարներ: